Այսօր ՀՀ մի շարք քաղաքացիներ «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում դժգոհություն հայտնեցին՝ կապված ԿԳՆ-ի կողմից վերջերս ներդրված «hayt.emis.am» էլեկտրոնային գրանցման համակարգի աշխատանքների հետ։
Համակարգը նպատակ ունի Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը կատարել առցանց։ Հաշվի առնելով առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված՝ նախկինում եղած դժգոհությունները՝ որոշում է կայացվել մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան:
Առցանց համակարգում գրանցվելու մեկնարկային օրն այսօր է՝ մայիսի 15-ին։ Այս հանգամանքն էլ դարձել է խնդրի հիմնական պատճառը. համակարգի ծանրաբեռնվածության պատճառով՝ ծնողներից շատերը չեն կարողացել գրանցել իրենց երեխաներին, ինչն առաջացրել էր մի շարք քաղաքացիների անհանգստությունը։
Կրթության գիտության նախարարությունից հայտնում են, որ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ պատճառով քաղաքացիները պետռեգիստրից ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:
Այս խնդրի հետևանքով՝ մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել։ Այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Արձանագրված խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են:
ԿԳՆ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը նշում է, որ եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել, մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք: Պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար կարող եք հետևել ՀՀ ԿԳՆ էջին :
Խոսնակը նաև հայտնում է, որ բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել