
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է ընթացող շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:
1.Դատախազության և Քննչական կոմիտեի հերքումները՝ նախկին ոստիկանապետին վերագրվող «վերջին խոսքերի» մասին լուրին
Սեպտեմբերի 24-ին հայտնի դարձավ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան լուրը։ Վերջինիս դին հայտնաբերվել էր սեպտեմբերի 23-ին Բջնիի իր առանձնատներից մեկում՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել):
Lուրի տարածումից կարճ ժամանակ անց լրատվականներից մեկը, հղում անելով միջադեպին ներկա անձանց, մեջբերել էր Հայկ Հարությունյանի` իբրև վերջին խոսքերը. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»։
Հայկ Հարությունյանին վերագրվող խոսքերը հայտնվեցին լրատվական կայքերում, որին հաջորդեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի արձագանքը.
«ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ»։ Հայատարության ամբողջ տեքստը՝ այստեղ։
Հաջորդիվ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:
Նշենք, որ ինֆորմացիայի տարածման սկզբնաղբյուր հանդիսացող երկու լրատվական կայքերի՝ «Hayeli.am»-ի և «Armlur.am»-ի խմբագիրները, հարուցված քրեական գործով հարցաքննվել են: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հրաժարվել են բացահայտել աղբյուրները։
2.Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը Վերին Լարսում գոյացած հերթի վերաբերյալ
Սեպտեմբերի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Վերին Լարսի անցակետից տեսանյութ էր հրապարակել: Վերջինիս խոսքերով՝ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ էր ստեղծում հայկական բեռնատարների համար՝ մինչև 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։
Էկոնոմիկայի նախարարությունն այս առիթով հայտնեց, որ խնդիրը հիմնականում սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմերին անհամապատասխանությունն է եղել։ Ընդ որում՝ հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող հատվածում, այլ ոչ թե՝ ՌԴ մեկնող։
Նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց նաև, որ Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ Էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմերին:
3.ԱԶԲ-ն չի նվազեցրել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Սեպտեմբերի 25-ին մամուլում հայտնվեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից թողարկված 2019թ. Ասիական զարգացման հեռանկարների զեկույցը։ Տարածելով զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը, մի քանի լրատվամիջոցներ գրել էին, թե Ասիական զարգացման բանկը «թուլացրել է» Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը:
Իրականում, սակայն, ԱԶԲ-ի զեկույցում խոսվում է հակառակի մասին։ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները, նոր զեկույցի համաձայն, բարելավվել են՝ 2019թ-ին նախապես կանխատեսված 4.3 տոկոս աճի փոխարեն՝ այժմ կանխատեսվում է 4.8 տոկոս աճ:
Լրատվականները, գրեթե ամբողջությամբ հրապարակելով զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը, բաց էին թողել կարևորագույն այս հատվածը։
4.«Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ընկերությունը ՊԵԿ-ի հետ պայմանագիր էր կնքել 2015-ին, երբ Դավիթ Անանյանը ՊԵԿ նախագահ չէր
Սեպտեմբերի 26-ին օրաթերթերից մեկը գրել էր, թե «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն վերապատրաստել է Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Հրապարակման համաձայն՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պետական բյուջեի հաշվին նշված ընկերության համար «գործ է կպցրել»։
Իրականում, սակայն, «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն հիշատակվող դասընթացների պայմանագիրը ՊԵԿ-ի հետ կնքել է դեռևս 2015 թվականին, երբ Դավիթ Անանայանը ՊԵԿ նախագահի պաշտոնում չէր։
Ըստ պայմանագրի՝ նշված կազմակերպությունը 2015 թվականի նոյեմբերի 2-ից 6-ը ՊԵԿ «Ուսումնական կենտրոնում» անցկացրել է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» թեմայով ընդամենը 40-ժամյա դասընթաց, որին մասնակցել են հաշվապահական հաշվառման՝ այն ժամանակվա նոր համակարգին անցում կատարող գերատեսչությունների և պետական կազմակերպությունների ավելի քան 40 հաշվապահներ, ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարներ: Ընդ որում՝ դա եղել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի կողմից ՊԵԿ «Ուսումնական կենտրոնին» ծառայություններ մատուցելու միակ գործարքը, իսկ այդ ժամանակ Դավիթ Անանյանը ՀՀ ՊԵԿ նախագահ չէր:
5.ԱԱԾ որևէ բարձրաստիճան պաշտոնյա ծառայությունից ազատ չի արձակվել
Ազգային անվտանգության ծառայության՝ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո մի շարք լրատվական հարթակներում սկսեց շրջանառվել այն լուրը, թե պաշտոնանկությունները զանգվածային բնույթ են կրելու, և համակարգից հեռացվել են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այս կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնեցին, որ ԱԱԾ որևէ բարձրաստիճան պաշտոնյա, վարչության պետ ծառայությունից արձակման զեկուցագիր չի ներկայացրել և ծառայությունից ազատ չի արձակվել:
6. «Հույսի կամուրջ» ՀԿ-ի որևէ աշխատակցի Զարուհի Բաթոյանը աշխատանքի չի «տեղավորել»
Լրատվականներից մեկը սեպտեմբերի 26-ին «Պաշտոնյաներից ով ում բարեկամն է» վերտառությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ, փորձելով ցույց տալ մի շարք պաշտոնյաների բարեկամական կապը, տարածել էր նաև ապատեղեկատվություններ։
Մասնավորապես նշվել էր, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զանազան պաշտոններ է հատկացրել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին։ Լրատվականի պնդմամբ՝ ՀԿ-ն ստեղծվել և ղեկավարվել է հենց Բաթոյանի կողմից։
Այս կապակցությամբ նախարարությունից հայտնեցին, որ Զարուհի Բաթոյանը երբեք չի ղեկավարել նշված կազմակերպությունը, այլ հանդիսացել է կազմակերպության աշխատակիցներից մեկը՝ մինչև 2017 թվականը։ Իսկ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի որևէ աշխատակից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի չի ընդունվել:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել