
Ինստագրամի հայկական տիրույթում գործում է @anahitaddamiann անունով կեղծ օգտահաշիվ, որը խաբեությամբ գումարներ է շորթում քաղաքացիներից։
17,900 հետևորդ ունեցող այս օգտահաշիվը, անձնական նամակագրության մեջ մտնելով իր հետևորդների հետ, հայտնում է, որ վերջիններս շահել են էջի կողմից խաղարկված iPhone XS բջջային հեռախոսը։ Այնուհետև, մրցանակը ստանալու համար, Էջն առաջարկում է 5000 դրամ փոխանցել իր հաշվեհամարին, ինչը խաբեությամբ գումար շորթելու ձև է միայն։
Հարկ է նշել, որ սա նմանօրինակ խաբեության բացառիկ դեպք չէ. համացանցի զարգացմանն ու մասսայականացմանը զուգահեռ՝ կիբերհանցագործությունները մեծ թափ են ստացել, անզգուշության կամ թերինֆորմացվածության դեպքում՝ դրանց զոհ կարող են դառնալ բոլոր օգտատերերը։
Ամենատարածված խաբեություններից մեկը «մահացած հեռավոր ազգականն է»։ Այս դեպքում օգտատերը նամակ է ստանում, որտեղ փաստաբան հանդիսացող անձը հայտնում է հեռավոր ազգականի մահանալու մասին և հավելում, որ վերջինս «թողել է մի քանի միլիոն ժառանգություն»։ Այնուհետև, ժառանգության ստացման գործարքը կատարելու համար, փաստաբան ներկայացած անձը պահանջում է մի շարք անձնական տվյալներ՝ անձնագիր, բանկային հաշվեհամար և այլ փաստաթղթեր, ինչպես նաև գումար՝ աշխատանքի դիմաց։ Արդյունքում, խաբված օգտատերը որևէ ժառանգություն այդպես էլ չի ստանում, մինչդեռ ինտերներ-չարագործը շորթում է գումարներ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել