
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Լրատվականներից մեկն այսօր, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրել էր, թե «Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի բարձր հովանու ներքո օրերս մի քանի հազար «iPhone», առանց մաքսազերծման, «Զվարթնոց»-ի Կարգո բեռնային համալիրով ուղարկվել է Մոսկվա՝ վաճառքի»: Ըստ այդ նյութի՝ Ռուսաստանում հիշյալ անօրինական գարծարքը կանխվել է, իսկ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, տեղեկանալով այդ մասին, արձակուրդ մեկնելու դիմում է ներկայացրել վերադասին։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ը հայտնեց, որ նյութում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ հրապարակման մեջ նշված «առանց մաքսազերծման մի քանի հազար հատ բջջային հեռախոս արտահանելու» վերաբերյալ տեղեկատվությունը ԵԱՏՄ երկրների միջև առկա կարգավորումներին անտեղյակ լինելու հետևանք է:
Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են միևնույն մաքսային գոտում, հետևաբար երկրների միջև ապրանքաշրջանառությունն իրականացվում է առանց մաքսազերծման: Միևնույն ժամանակ, ՊԵԿ մաքսային մարմինները հերքում են հոդվածում առկա տեղեկատվությունն այն մասին, թե օրերս մի քանի հազար «iPhone» է Մոսկվա արտահանվել ու վաճառվել:
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն իրոք գտնվում է 4-օրյա արձակուրդում, որը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել