Հետևեք մեզ նաև Telegram-ում
Օրեր առաջ «Yerevan.Today» լրատվակայքը հրապարակել էր սեփական հետազոտության արդյունքները, որտեղ նշվում էր, թե ալկոհոլային թունավորման դեպքից հետո նույն մահաբեր մեթիլային սպիտով նաև ալկոգել է պատրաստվել և մտել շուկա։ ԶԼՄ-ն հրապարակել էր անգամ ենթադրյալ թունավոր ալկոգելի անվանումը` «Bariton»։
«Հարց է առաջանում, իսկ ո՞ւր է նայում պետությունը, երբ ունենք միանգամից 21 մահ ու նույնքան ծայրահեղ ծանր հիվանդներ, ու թունավոր հումքը դեռ տարածվում է»,- նշված էր «Yerevan.Today»-ի հոդվածում։
Այս հրապարակումից հետո մամուլում շարունակում էին հայտարարություններ լույս տեսնել՝ զգուշացնելով մարդկանց՝ շուկայում շրջանառվող թունավոր մեթիլով սպիրտից պատրաստված ալկոգելի մասին։
Հայտնում ենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը նախապես վաճառքից հանել էր մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած իրավաբանական անձի կողմից արտադրված ալկոգելերի տարբեր խմբաքանակներ, ապա լաբորատոր փորձաքննության ենթարկվեցին այդ խմբաքանակներից վերցված փորձանմուշները:
Այսօր պարզ դարձավ, որ ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել:
«Փորձաքննության արդյուքները ցույց տվեցին, որ վերոնշյալ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և փորձաքննության ենթարկված ալկոգելերը չեն պարունակում մեթիլ սպիրտ կամ մարդու կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող այլ թունավոր նյութեր»,- նշված է Տեսչական մարմնի հայտարարության մեջ։
Հետևաբար հայտարարությունը, թե շուկայում հայտնված «Bariton» ալկոգելը թունավոր է, չի համապատասխանում իրականությանը։


Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել